Monday, April 26, 2010

Շաքարային տնտեսության հիմնումը Բրազիլում

Հայտնաբերումից հետո գրեթե մեկ հարյուրամյակ Պորտուգալիան շարունակ իրականցնում էր բրազիլական տիրույթների պաշտպանությունը հոլանդացիների և ֆրանսիացիների հարձակումների սպառնալիքները կանխելու համար:
Մինչև 16-րդ դարի կեսը պորտուգալական կառավարության և պորտուգալական մերկանտիլ բուրժուազիայի համար առավել հետաքրքիր էին արևելյան ապրանքների առևտրից ստացվող շահույթներ: Հետագայում, սակայն, արևելքի հետ առևտրային ճգնաժամի պատճառով Պորտուգալիան իր ուշադրությունը սկսեց սևեռել Ամերիկայի սեփական գաղութի վրա:
Լուծումը
  Բրազիլում  շաքարային ձեռնարկությունների հիմանդրումն էր: Այն ժամանակ շաքարը համարվում էր բացառիկ ու շքեղության դրսևորում, որի հանդեպ Եվրոպայում գոյություն ունեցող մեծ պահանջարկի  պատճառով վաճառքի գները տեղական շուկաներում բավականին բարձր էին:

Բրազիլում հիմնված շաքարային տնտեսությունը զարգացավ գաղութային Հին Համակարգի ներքո և ենթարկում էր մետրոպոլիայի կողմից թելադրված օրենքներին: Մի համակարգ, որի հիմքն էր հանդիսանում մերկանտիլիզմը:
16-17դդ. Բրազիլի տնտեսության հիմքն էր համարվում շաքարեղեգնի արտադրությունը: Շաքարը դարձավ արտահանման գլխավոր և հիմանական ապրանքատեսակը, այդ կարգավիճակ տևեց մինչև 17 դարի կեսերը, քանզի այդ ժամանակ միևնույն ոլորտում սկսեց մրցակցությունը կիսել Անթիլների հետ:
 
Շաքարեղեգը, որ համարվում էր ասիական բույս, եվրոպական մայրցամաք էր բերվել արաբների միջոցով:
Պորտուգալիային ծանոթ էին շաքարի արտադրության բոլոր տեխնոլոգիաները: Երբ գաղութացրեց Ատլանտյան օվկիանոսում գտնվող Կանաչ Հրվանդանի և Մադեիրայի կղզիները, այնտեղ սկիզբ դրեց շաքարեղեգնի պլանտացիաները և շաքարի արտադրությանը:
Մշտական տնտեսական գործունություն ձևավորելու ու գաղութի համակարգված բնակեցումը խթանելու համար Պորտուգալիան լավագույն միջոցն էր համարում շաքարային ձեռնարկությունների հիմնադրումը:
Շաքարեղեգն առաջին անգամ ներմուծվեց Բրազիլի Սան Վիսենտե կապիտանիայում 1532թ. Մարտին Աֆոնսո դե Սոուզայի կողմից: Սան Պաուլոյի մերձափնյա շրջանում գտնվող Սան Վիսենտե կղզում նա կառուցեց շաքարի մշակման արտադրամաս (Engenho de açúcar):
1540թ. շաքարի էնժենյոներ կային Սան Վիսենտեյի ու Պերնամնբուկոյի ժառանգական կապիտանիներում: Իսկ 1560 թ. գաղութում կար ավելի քան 60 նման արտադրամասեր: Երկրի հյուսիսարևելյան մասը դարձավ շաքարեղեգնի արտադրության գլխավոր տարածաշրջանը: Բրազիլում շաքարային ձեռնարկություների հաջողության գրավականն էր հանդիսանում արևադարձային կլիման և բերքատու հողը:
Պորտուգալիան շաքարային ձեռնարկությունների հիմնադրումից սպառողական շուկայի ընդլայնման ու բարձր գների առումով նորանոր ներդրումների մեծ հնարավորություն էր տեսնում: Այն ժամանակ այդ գործում նրանց մեծ օժանդակություն ցուցաբերեցին մասնավորապես հոլանդացիները` հանդիսանալով շաքարի հիմանական տարածողը Եվրոպայում: Բրազիլական շաքարային ձեռնարկությունների ֆինանսավորմանը հոլանդացիները մասնակցում էին առաջին իսկ պահից: Նրանք հսկում էին փոխադրումները, շաքարի մշակումը և տարածումը եվրոպական շուկայում:
Այսպիսով Բրազիլում ստեղծվեց մի տնտեսություն, որը բացառապես ուղված էր արտաքին շուկային: Տնտեսություն, որը հիմնված էր մեծ սեփականության, մոնոկուլտուրայի և ստրկական աշխատանքի համակարգերի վրա: Մեծ սեփականություններ ստեղծվեցին գաղութային տարածքների մեծությունների պատճառով և, որովհետև շաքարեղեգնի կուլտուրան միայն շահավետ էր լայնամաշտաբ արտադրանքի դեպքում: Մոնոկուլտուրան արդյունավետ էր համարվում հիմնելու այնպիսի տնտեսություն, որը բարձր շահութաբերություն կցուցաբերեր մետրոպոլիայի համար: Շաքարեղեգնի ընտութունը, ըստ էության, հարկադրեց մոնոկուլտուրան, այսինքն Բրազիլը պետք է դառնար միայն շաքարի արտադրության համար նախատեսված մասնագիտացված բարձրակարգ ձեռնարկություն: Ուստի տնտեսական բազմազանությունը չէր հետաքրքրում մետրոպոլիային, որովհետև այն կառաջացներ ավելի քիչ շահութաբերություն:

Ռաֆայել Ղազարյան

No comments: