Monday, April 26, 2010

Ժառանգական Կապիտանիաներ

Ժառանգական կապիտանիաների համակարգը, դոնատարիոները, գաղութային Բրազիլի կառավարումը, բրազիլական տարածքների բաժանումը, դժվարություններն ու ընդհանուր կառավարությունը

Բրազիլի հայտնաբերումից անմիջապես հետո, Պորտուգալիայի թագավորությունն սկսեց մտահոգվել բրազիլական տարածքներում օտարների նվաճումներից և սկսեց վերանայել բրազիլական գաղութի օկուպացման իր քաղաքականությունը: Այս մտավախությունը շատ լուրջ էր, քանզի Ֆրանսիայի, Անգլիայի և Հոլանդիայի կորսարներն ու ծովահենները անընդմեջ թալանում էին նոր հայտնաբերված երկրի հարստությունները: Առաջին լուրջ քայլերը ձեռնարկվեցին 1530թ., երբ Մարտին Աֆոնսո դե Սոուզայի գլխավորած արշավախումբն ուղղարկվեց Բրազիլ ընդմիշտ հաստատվելու համար: Մարտին Աֆոնսոյի և նրա հետ եկած գաղութարարների պարտականությունն էր Բրազիլում ավանների հիմնադրումը, դրանց բնակեցումն ու տեղային տնտեսությանը զարգացումը:

1534-1536 թթ. ընկած ժամանակահատվածում Պորտուգալիայի թագավոր Դոն Ժուան Երրորդը որոշում է նոր գաղութը բաժանել 15 գոտիների, որոնք ձգվում էին Բրազիլի ծովեզրից մինչև Տորդեզիլի համաձայնագրում նշված գիծը: Այս հողային հսկա գոտիները, որոնք անվանվեցին ժառանգական կապիտանիաներ (capitanias hereditárias), նվիրաբերվում էին միայն ազնվականներին և թագավորին վստահելի անձանց: Այս անձինք, որոնք նվեր էին ստանում տվյալ հողերը, կոչվում էին դոնատարիոներ և նրանց հիմնական գործունեությունը կայանում էր այդ հողերը կառավարելու, գաղութացնելու, պաշտպանելու և զարգացնելու մեջ : Բացի դրանից նրանք պետք է մարտնչեին հնդկացիական ցեղերի դեմ, որոնք դիմադրում էին իրենց տարածքների օկուպացումը ինվազորներց: Այս ծառայությունների դիմաց դոնատարիոները բացի հողերից ստանում էին որոշակի առավելություններ, այն էր` հարուստ հանքերի և բուսական ռեսուրսների շահագործման իրավունքը:

Այս տարածքները փոխանցվում էր ժառանգաբար հորից` որդուն, դրա պատճառով էլ կառավարման սույն համակարգը կոչվում էր ժառանգական կապիտանիա: Պաշտոնակալման առաջին իսկ պահից դոնատարիո կապիտանը թագավորությունից ստանում էր երկու կարևոր փաստաթուղթ` նվիրատվության նամակը (Carta de Doação) և ազգային-վարչական ինքնավարություններին տրվող արտոնագիրը (Foral): Առաջին փաստաթղթում նշվում էր, որ Պորտուգալիայի կառավարությունը որոշակի կապիտանիա է զիջում դոնատարիոյին, որտեղ վերջինս իրավունք չունի վաճառելու նվիրաբերված հողերը, իսկ Ֆորալում սահմանված էր կապիտան-դոնատարիոյին տրված իրավուքների ու պարտականությունների հատուկ հայեցակարգը: Նա կարող էր հիմանդրել ավաններ, նիվրաբերել անմշակ հողակտորներ, իրականացնել դատական և զինվորական գործունեություն, հարկեր հավաքագրել  և ստրկացնել հաստատուն թվով հնդկացիների: Նա կարող էր շահութաբաժին ունենալ ծավալված տնտեսական գործունեությունից, միայն թե չվնասեր Պորտուգալիայի Թագավորության հարկային քաղաքականության սահմանված նորմերը:

Չնայած բազում հատկություների և սահմանված կանոնակարգերի` ժառանգական կապիտանիաների կառավարման համակարգն ակնկալվող արդյուքների չհասավ: Պետության կողմից տնտեսությանը չաջակցելը, որոշ դոնատարիոների անփորձությունը, կապի և հաղորդակցման դժվարությունները, հնդկացիների անհյուրընկալություններն ու պարբերաբար հարձակումները, ռեսուրսների բացակայությունն ու տարածքների ահռելի չափսերը բարդացնում էին այդ համակարգի ներդնումը: Միայն Պերնամբուկոյի և Սան Վիսենտեի կապիտանիաները կարողացան բարգավաճել և հաղթահարել ժամանակի բոլոր խնդիրները, որըն էլ բացատրվում էր սեփական հողերում շաքարային արդյունաբերության ներդրմամբ:

1549թ. Պորտուգալիայի թագավորը Բրազիլի կառավարման համար մշակեց մեկ այլ` կենտրոնացնող համակարգ, որը կոչվեց «Ընդհանուր կառավարություն» (Governo-Geral): Այսպիսով դոնատարիոների բոլոր գործառություններն անցան մեկ ընդհանուր կառավարչի հսկողության ներքո: Իսկ ժառանգական կապիտանիաները վերջնականապես վերացվեցին միայն 1759թ. նախարար Մարքես դե Պոմբալի կողմից:

Կարևոր ժառանգական կապիտանինաները և դրանց դոնատարիոները` Սան Վիսենտե (Մատին Աֆոնսո դի Սոուզա), Սանտանա, Սանտո Ամարո և Իտամարակա (Պերո Լոպես դե Սոուզա), Պարաիբա դո Սուլ (Պերո Գոիս դա Սիլվեիրա), Էսպիրիտո Սանտո (Վասկո Ֆերնանդես Կոուտինյո), Պորտո Սեգուրո (Պերո դե Կամպես Տոուրինյո), Իլյեուս (Ժորժե Ֆիգեյրեդո Կոհեյիա), Բահիա (Ֆրանսիսկո Պերեիրա Կուտինյո), Պերնանմբուկո (Դուարտե Կոելյո), Սեարա (Անտոնիո Կարդոզո դե Բահոս), Բայա դե Տրաիսոնից մինչև Ամազոն (Ժոաո դե Բահոս, Այրես դա Կունյա և Ֆերնանդո Ալվարես դե Անդրադե):

Ռաֆայել Ղազարյան

No comments: