Monday, April 26, 2010

Բրազիլի հայտնագործումը

Գաղութային Բրազիլի պատմությունը, Բրազիլի հայտնագործման պատմությունը, հնդկացիների և պորտուգալացիների առաջին շփումները, պաու-բրազիլի ծառատեսակի շահագործումը

1500թ. ապրիլի 22-ին Բրազիլի ափերին մոտեցան պորտուգալական 13 կարավելաները (նավեր), ծովագնաց Պեդրո Ալվարես Կաբրալի գլխավորությամբ: Առաջին հայացքից, նավատորմի անձնակազմը կարծեց` հանդիպել է ինչ-որ մեծ լեռան և այն անվանեց Զատկի Լեռ (Monte Pascoal): Ապրիլի 26-ին կատարվեց առաջին պատարագը Բրազիլում:

Թողնելով տարածքը և շարունակելով դեպի Հնդկաստան տանող ուղին` Կաբրալը, կասկածելով, որ հայտնաբերված տարածքն ավելի շատ նման է մայրցամաքի կամ ինչ-որ մեծ կղզու, տեղանքը վերանվանում է Վերա Կրուզի Կղզի (Ilha de Vera Cruz): Հետագայում, նույն տարածքը հետազոտելիս, այլ ծովագնացները, որոնք, պարզելով տեղանքի մայրցամաք լինելու փաստը, այն ևս մեկ անգամ վերանվանում են`  կոչելով Սուրբ Խաչի Երկիր (Terra de Santa Cruz): Միայն 1511 թ.` պաու բրազիլ անվամբ կարմիր փայտատեսակի հայտնաբերումով, այս երկիրը կոչվում է Բրազիլ:

Բրազիլի հայտնագործումը տեղի ունեցավ Մեծ Նավագնացությունների դարաշրջանում, երբ պորտուգալական և իսպանական նավերը նավարկում էին օվկիանոսներում` նոր տարածքներ հայտնաբերելու տենդով բռնված: Բրազիլի հայտնագործումից մի քանի տարի առաջ` 1492 թ, Քրիստափոր Կոլոմբոսը, Իսպանիայի դրոշի ներքո նավարկելիս, հասավ Ամերիկա, որն էլ կարևորագույն խթան հանդիսացավ բազում նավագնացների համար` մեծացնելով նրանց ակնկալիքները: Գործնականում նոր տարածքներ հայտնագործելու միևնույն հավակնություններն ունենալով` Պորտուգալիան և Իսպանիան 1494 թ. կնքեցին Տորդեզիլի համաձայնագիրը (Tratado de Tordesilhas), որպեսզի նոր հողերի սեփականացման համար կանխեն հետագա պատրերազմները: Ըստ այդ համաձայնագրի` Պորտուգալիային մնացին նոր հայտնաբերված հողերը, որոնք գտնվում էին քարտեզում նշված գծից արևելք` Կանաչ Հրվանդանի Կղզիներից (Cabo Verde) 360 մղոն դեպի արևմուտք, մինչդեռ Իսպանիային մնացին նշված գծից դեպքի արևմուտք ընկած տարածքները:

Հայտնաբերումից հետո մոտ 3 տասնամյակ Բրազիլին այնքան էլ ուշադրություն չէր դարձվում, Պորտուգալիան դեռևս շարունակում էր պահպանել և զարգացնել Հնդկաստանի և Աֆրիկայի հետ համաշխարհային առևտուրը, քանզի այն համեմուքներն ու ապրանքատեսակները (մեխակ, պղպեղ, դարչին, մշկընկույզ, իմբիր, մետաքս, ճենապակի և այլն), որոնք պորտուգալացիները գտնում էին այնտեղ, մեծ արժեք ունեին` Եվրոպայում առևտուր իրականացնելու և դրանց պայմանները պահպանելու համար: Բրազիլից ծառահատում էին միայն պաու-բրազիլը, որի կարմիր ներկը մեծ պահանջարկ ուներ Եվրոպայում: Այդ ժամանակ էլ օգտագործվեց այսպես կոչված բարտերային աշխատանք (escambo) եզրը. այսինքն հնդկացիները պորտուգալացիներից ստանում էին զանազան մանր-մունր ապրանքներ (հայելի, սուլիչ, զանգակ) փոխարենը կտրատում և մինչև կարավելաներ էին տեղափոխում պաու-բրազիլի գերանները:

Միայն 1530թ. Պորտուգալիայի թագավորությունը սկսեց զբաղվել նոր տարածքի գաղութացմամբ` Բրազիլ ուղարկելով Մարտին Աֆոնսոյի գլխավորած արշավախումբը, որն այնտեղ պետք է նախնական միջոցառումներ իրականացներ հետագայում տարածքները բնակեցնելու, պաշտպանելու, տարածքային կառավարություն ձևավորելու, երկրի շահագործումը համակարգելու համար: Գաղութացման հարցը օրակարգային էր դարձել, քանզի մտավախություն կար տանուլ տալու նոր ձեռք բերված երկիրը այլ նվաճողների (Անգլիա, Ֆրանսիա, Հոլանդիա), որոնք մասնակցություն չէին ունեցել Տորդեզիլի համաձայնագրի կնքման գործընթացին: Մարտին Աֆոնսոյի մեկ այլ գործունեություն ևս ընդգծվեց պատմության մեջ, այն էր` նրա կողմից շաքարեղեգնի ներմուծումը և բրազիլական հողատարծքներում տնկելու փորձերը, ինչի շնորհիվ էլ հիմնադրվեց Բրազիլի առաջին ժողովրդագրական միջուկը հանդիսացող Սան Վիսենտե (São Vicente) քաղաքը 1532թ.:


Ռաֆայել Ղազարյան

No comments: