Thursday, April 29, 2010

Բրազիլ եզրի ծագումնաբանությունը

Իրականում «բրազիլ» եզրն ընդհանրապես կապ չունի որևէ բառի հետ, որը ծագում է հնդկացիական մշակույթից: Անվան ծագումը հայտնաբերելու համար ուսումնասիրվել են հնադարյան բազում աշխատություններ:
Հույն պատմիչ Պլատոնի աշխատություններից մեկում` «Timeu e Crítias»-ում, հիշատակվում է Գիբրալթարի նեղուցից արևելք ընկած երկրի գոյության մասին: Որոշ ուսումնասիրողների կողմից այս հիշատակումն է նախանշան դարձել ամերիկյան մայրցամաքը հայտնաբերելու համար:
Գոյություն ունեն նաև նույն ժամանակի այլ քարտեզագրական աղբյուրներ, որոնք ցույց են տալիս Բրազիլ կամ Բրեազիլ կոչվող ինչ-որ կզղու վայրը:
Այդ կղզին գտնվում էր Իռլանդիայի և Ատլանտյան օվկիանոսի միջակայքում: Ըստ որոշ աղբյուրների այս կղզին ուներ միստիկական և դրախտային հատկանիշներ: Այսպիսով կարող ենք ենթադրել, որ եվրոպացի ժողովուրդը  մինչ իբերական ծովային գործողությունների իրականացումը  արդեն նախագծում էր  իր պատկերացումներում այդ կախարդական վայրի հայտանբերումը, որտեղ դժվարություններն ի սպառ բացակայում էին:
Կա մի իռլանդական լեգենդ, որտեղ խոսվում է անծանոթ Hy Brazil կղզու մասին, որը թարգմանվումէ «օրհնված երկիր»: Այդ «դրախտատեղին» չիմանալու փաստը բացատրվում էր նրանով, որ այն ընդմիշտ պատված էր մառախուղով: 
Այդ վայրը, որը միայն տեսանելի էր դառնում յոթ տարին մեկ անգամ, բացահայտվել է իռլանդացի վանական սբ. Բրանդոնի կողմից
մոտավորապես 565թ:
Որոշ լեզվաբաններ ներկայացնում են, որ բրազիլ եզրը սերում է կելտերենից, որը նշանակում է հաջողակ կամ կախարդիչ: Հաջորդ վարկածում նշվում է, որ բառի ծագումը իռլանդերեն «Uí Breasil» արտահայտությունն է, որը նշանակում է «Բրեազիլ կլանի հետնորդներ»: Մեկ այլ ուսումնասիրության համաձայն եզրը կապում են փյունիկերեն barzil բառի հետ, որը նշանակում է մետաղներով լի, հարուստ վայր:
Բազում բացատրությունների մեջ, հատկանշականն այն է, որ տվյալ եզրը ծառայել է հետևյալ նպատակով` արտահայտելու բարիքներով, հարստություններով, առատություններով լի վայրը: Այսպիսով նկատում ենք, որ պորտուգալացիները բրազիլական տարածքն անվանելիս անդրադարձել են այն լեգենդին, որը առկա էր եվրոպացիների մտքերում դարեր շարունակ:


Ռաֆայել Ղազարյան

Tuesday, April 27, 2010

Հանքարդյունաբերությունը գաղութային Բրազիլում

Սկաած 16-րդ դարից` Բրազիլի Սան Վիսենտե կապիտանիայում արդեն հայտնաբերվել էին ոսկու սուղ պաշարներրով որոշակի հանքեր: Սակայն, ցածր եկամտաբերության պատճառով, դրանք հետագայում դադարեցին գործել:
Միայն 18-րդ դարում հանքարդյունաբերությունն իր ուրույն տեղը զբաղեցրոց Բրազիլում: Ոսկու և ադամանդի հանածոներով նշանավորվում էին Գոիասը, Մատո Գրոսոն և հատկապես Մինաս Ժերայիսը:
Այս անգամ արդեն մեծապես ընդլայնվեց և զարգացավ քաղաքային կյանքը, որի ներկայացուցիչներն էին հանդիսանում շաքարային տնտեսության գյուղական նախկին համայնքները` ի տարբերություն նախորդ ժամանակաշրջանների, երբ քաղաքներում հաստատվում էին ավելի շատ արիստոկրատ հասարակությունը:
Բրազիլում հանքահանությունն իր գագաթնակետին հասավ 1750-1770թթ: Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Անգլիան, կամաց-կամաց դառնալով արդյունաբերական երկիր և գերիշխող ուժ տարածաշրջանում, սկսեց ավելի մեծ ազդեցություն ունենալ Պորտուգալիայի տնտեսության վրա:
Ի տարբերություն Անգլիայի, որը տնտեսական վերելք էր ապրում, Պորտուգալիան բազում տնտեսական ու ֆինանասկան դժվարությունների էր բախվել ԱՖրիկայում և Արևելքում սեփական տարածքների կորստի պատճառով Իբերական Միության 60-ամյա իսպանական գերիշխանությունից հետո: Գոյություն ունեն բազմաթիվ համաձայնագրեր, որոնք ապացուցում են Պորտուգալայի աճող կախվածությունը Անգլիայից: Այդ ամենից առանձնացվում է Մեթհուեմի Համաձայանգիրը` կնքված 1703 թ., որով Պորտուգալիան պարտավորվում էր կտորեղեն ձեռք բերել միմիայն Անգլիայից, իսկ վերջինս` պորտուգալական գինիները: Այս համաձայնագրի կնքումով Պորտուգալիայում մանուֆակտուրաներն սկսեցին թուլանալ` միևնույն ժամանակ առևտրային կշռում ավելի բարձրացնելով նախկինում առկա ուժեղ դեֆիցիտը, որտեղ ներմուծումների արժեքը (անգլիական կտորեղեն) գերազանցում էին արտահանմումներին (գինիներ): Հատկանշական է նաև, որ Մեթհուեմի համաձայանգիրը տեղի է ունեցել` Մինաս Ժերայիսում ոսկու առաջին մեծ հանքերի հայտնաբերումից մի քանի տարի հետո, իսկ մինչ համաձայնագրի ստորագրումը անգլիական արտահանումենրն արդեն սկսել էին քայքայել պորտուգալական մանուֆակտուրային տնտեսությունը:

Հարկային կոշտ քաղաքականությունը
Նույն ժամանակաշրջանում, երբ իսպանական Ամերիկայում հանքերի սպառման պատճառով արդեն նկատվում էին ապրանքային գների բարձրացման միտումները, Բրազիլը մշակում էր շաքարային տնտեսությունը դեպի հանքայինին անցնելու նոր տարբերակը, որն ի տարբերություն գյուղատնտեսության և այլ բնագավառների, ինչպիսին էր օրինակ` անասնապահությունը, ենթակա էր հսկողության և խիստ կարգուկանունի, որն իրականացվում էր մետրոպոլիայի կողմից:

Քանի որ ոսկու հանքերը, որոնք գտնվել էին 17 դ. Սան Վիսենտեում, սուղ ու աղքատիկ էին այդ իսկ պատճառով բավականին երկար կանոնակարգ էր մշակվել այդ հանքերն ազատ շահագործելու համար: Պորտուգալիան, որպես մետրոպոլիա, իրավունք ուներ պահուստավորել հանքահանված ոսկու մեկհինգերորդ մասը: Մինաս Ժերայիսում նոր հանքերի հայտնաբերումներով վերահսկողության և շահագործման մասին հին օրենսդրական կարգը փոխարինվեց մեկ այլով, այսինքն` սույն գործընթացներն այս անգամ անցան վերահսկիչ-կառավարիչների, գուարդամորեների, ոսկու հանքերի համար նախատեսված զին-պատգամավորական խմբերի ենթակայության ներքո: Այս օրենսդրությունն իր կառավարմանը նոր ձևաչափով տևեց մինչև գաղութային ժամանակահատվածի վերջը:
Այդ հաստատված համակարգը աշխատում էր հետևյալ կերպ` վերահսկելու և հանքային տարածքների մեկհինգերորդ մասը գանձելու համար ոսկի հայտնաբերված կապիտանիայում մեկ ընդհանուր վարչարարի տնօրինությամբ ստեղծվել էր հանքային տնտեսության վարչությունը, որն էլ անմիջապես ենթարկվում էր մետրոպոլիային:
Հանքավայրերի հայտնաբերումը պարտադիր զեկուցվում էր կապիտանիայի վերահսկիչ-կառավարչին, որտեղ նա պահանջում էր գուարդամորեներին սահմանագծել տարածքները և նշել հայտնաբերման օրը, որոնք հետագայում պետք է բաշխվեին հանքարդյունաբերողների միջև:
Եթե հանքարդյունաբերողն ինքն էր հայտնաբերում հանքավայրը, իրավունք ուներ ընտրելու շահագործման երկու խողովակներ, մինչդեռ գուարդամորը ընտրում էր միայն մեկը, որն անցնում էր թագավորական գանձարանի հսկողության ներքո` հետագայում աճուրդում վաճառվելու նպատակով: Հողատարածքների բաժանումը ուղիղ համեմատական էր հանքարդյունաբերողի ստրուկների թվաքանակին: Նրանք, ովքեր ունեին ավել քան 12 ստրուկ, ստանում էին հանքի շահագործման նպատակով ընդհանուր մեկ խողովակ, որն էլ հավասար էր մոտ 3000ք/մ: Մնացած հողակտորները խաղարկվում էին նրանց միջև ում կհետաքրքրեր դրանց ձեռք բերումը: Ձեռք բերված հողատարածքը չկորցնելու համար հողի սեփականտերը պարտավոր էր սկսել հանքերի շահագործումը 40 օրվա ընթացքում: Խողովակի վերավաճառքը միայն թույլատրելի էր, եթե սեփականատերը հաստատում էր իր ենթակայության տակ գտնվող բոլոր ստրուկների կորստի փաստը: Սակայն, նոր բանվորներ ձեռք բերելուց հետո, հանքարդյունաբերողը կարող էր կրկին գնել շահագործման մեկ այլ խողովակ: Իսկ երրորդ անգամ նույն իրավիճակը կրկնելու դեպքում նա կարող էր ընդմիշտ զրկվել հողատակտորներ ձեռք բերելու բոլոր իրավունքներից:
Մեկհինգերոդ մասի գանձումը հանքարդյունահանողները միշտ էլ դիտում էին պետության կողմից որպես չարաշահում, որի պատճառով տեղի էին ունենում ստվերային ու թաքուն գործողություններ: Այդ ամենը կանխելու համար մետրոպոլիան ստեղծեց գանձումների նոր ձևեր:
Սկսած 1690թ. Բրազիլում ստեղծվեցին վերահսկիչ պալատները: Սույն կառույցները ղեկավարվում էին թագավորական գանձարանի կողմից, որոնք վերցնելով ողջ արդյունահանված ոսկին, դրանք վերածում էին դրոշմված սալիկների և, առանձնացնելով դրանց մեկհինգերորդ մասը, միայն հետո վերադարձնում սեփականատիրոջը:

Ոսկին մեկ այլ ձևով օգտագործելու դեպքում, օրինակ` փոշու, գնդաձև ձուլակտորի կամ էլ չդրոշմված տեսքով, օրինազանցը խստորեն պատժվում էր, սկսած` գույքի բռնագրավումից, ընդհուպ Աֆրիկայի պորտուգալական գաղութներից մեկում ցմահ աքսորով:
Քանի որ հնարավոր էր ոսկին հեշտությամբ թաքցնել` փոքր ծավալի մեջ բարձր արժեք ունենալու հատկության շնորհիվ, ստեղծվեց նոր հարկատեսակ, որով կայուն ձևով գանձվում էր տարեկան 30 (մոտ 450կգ) առոբա ոսկի:
Վճարումներից խուսափելու դեպքում կառավարությունը կիրառում էր դեռամա (derrama) պատժամիջոցը, այսինքն` տեղի էր ունենում պարտապանի ունեցվաքի բռնագրավում 100 առոբայի չափով: Հետագայում նաև ստեղծվեց գլխաքանակի տուրքը, որով հանքարդյունաբերողը գանձվում էր իր ենթակայության տակ գտնվող ստրուկների քանակի համար:
Ամեն անգամ, երբ հայտարարվում էր դեռամա տվյալ կապիտանիայում տեղի էին ունենում բազմապիսի բռնություններ: Զինված ուժերը մոբիլիզացվում էին, բնակչությունն ապրում էր ահի մթնոլորտում, մարդկանց տները օրվա ցանկացած ժամի կարող էին անօրինական կերպով մուտք գործել, ձերբակալություններն անխուսափելի էին: Հաճախակի այս ամենը տևում էր ամիսներ, որի ժամանակ մարդիկ կորցնում էին բոլոր տեսակի անձնական երաշխիքները: Ցանկացած անձ, ցանկացած ժամի կարող էր կորցնել սեփական ունեցվածքը, ազատությունը, նույնիսկ կյանքը:
Սակայն սույն գործողությունները կրճատվեցին 1762 թ. հետո: Վերջին անգամ, երբ նախապատրաստվում էր հերթական դեռաման` 1788թ., միայն ամենավերջում այն չեղյալ համարվեց, քանզի ղեկավարությունը տեղեկացել էր, որ եթե կապիտանիայում ևս մոկ անգամ իրականացի հերթական գանձումը ապա Մինաս Ժերայիսում բողոքի և ապստամբության մեծ ալիքն անխուսափելի էր:

Ռաֆայել Ղազարյան

Monday, April 26, 2010

Շաքարային տնտեսության հիմնումը Բրազիլում

Հայտնաբերումից հետո գրեթե մեկ հարյուրամյակ Պորտուգալիան շարունակ իրականցնում էր բրազիլական տիրույթների պաշտպանությունը հոլանդացիների և ֆրանսիացիների հարձակումների սպառնալիքները կանխելու համար:
Մինչև 16-րդ դարի կեսը պորտուգալական կառավարության և պորտուգալական մերկանտիլ բուրժուազիայի համար առավել հետաքրքիր էին արևելյան ապրանքների առևտրից ստացվող շահույթներ: Հետագայում, սակայն, արևելքի հետ առևտրային ճգնաժամի պատճառով Պորտուգալիան իր ուշադրությունը սկսեց սևեռել Ամերիկայի սեփական գաղութի վրա:
Լուծումը
  Բրազիլում  շաքարային ձեռնարկությունների հիմանդրումն էր: Այն ժամանակ շաքարը համարվում էր բացառիկ ու շքեղության դրսևորում, որի հանդեպ Եվրոպայում գոյություն ունեցող մեծ պահանջարկի  պատճառով վաճառքի գները տեղական շուկաներում բավականին բարձր էին:

Բրազիլում հիմնված շաքարային տնտեսությունը զարգացավ գաղութային Հին Համակարգի ներքո և ենթարկում էր մետրոպոլիայի կողմից թելադրված օրենքներին: Մի համակարգ, որի հիմքն էր հանդիսանում մերկանտիլիզմը:
16-17դդ. Բրազիլի տնտեսության հիմքն էր համարվում շաքարեղեգնի արտադրությունը: Շաքարը դարձավ արտահանման գլխավոր և հիմանական ապրանքատեսակը, այդ կարգավիճակ տևեց մինչև 17 դարի կեսերը, քանզի այդ ժամանակ միևնույն ոլորտում սկսեց մրցակցությունը կիսել Անթիլների հետ:
 
Շաքարեղեգը, որ համարվում էր ասիական բույս, եվրոպական մայրցամաք էր բերվել արաբների միջոցով:
Պորտուգալիային ծանոթ էին շաքարի արտադրության բոլոր տեխնոլոգիաները: Երբ գաղութացրեց Ատլանտյան օվկիանոսում գտնվող Կանաչ Հրվանդանի և Մադեիրայի կղզիները, այնտեղ սկիզբ դրեց շաքարեղեգնի պլանտացիաները և շաքարի արտադրությանը:
Մշտական տնտեսական գործունություն ձևավորելու ու գաղութի համակարգված բնակեցումը խթանելու համար Պորտուգալիան լավագույն միջոցն էր համարում շաքարային ձեռնարկությունների հիմնադրումը:
Շաքարեղեգն առաջին անգամ ներմուծվեց Բրազիլի Սան Վիսենտե կապիտանիայում 1532թ. Մարտին Աֆոնսո դե Սոուզայի կողմից: Սան Պաուլոյի մերձափնյա շրջանում գտնվող Սան Վիսենտե կղզում նա կառուցեց շաքարի մշակման արտադրամաս (Engenho de açúcar):
1540թ. շաքարի էնժենյոներ կային Սան Վիսենտեյի ու Պերնամնբուկոյի ժառանգական կապիտանիներում: Իսկ 1560 թ. գաղութում կար ավելի քան 60 նման արտադրամասեր: Երկրի հյուսիսարևելյան մասը դարձավ շաքարեղեգնի արտադրության գլխավոր տարածաշրջանը: Բրազիլում շաքարային ձեռնարկություների հաջողության գրավականն էր հանդիսանում արևադարձային կլիման և բերքատու հողը:
Պորտուգալիան շաքարային ձեռնարկությունների հիմնադրումից սպառողական շուկայի ընդլայնման ու բարձր գների առումով նորանոր ներդրումների մեծ հնարավորություն էր տեսնում: Այն ժամանակ այդ գործում նրանց մեծ օժանդակություն ցուցաբերեցին մասնավորապես հոլանդացիները` հանդիսանալով շաքարի հիմանական տարածողը Եվրոպայում: Բրազիլական շաքարային ձեռնարկությունների ֆինանսավորմանը հոլանդացիները մասնակցում էին առաջին իսկ պահից: Նրանք հսկում էին փոխադրումները, շաքարի մշակումը և տարածումը եվրոպական շուկայում:
Այսպիսով Բրազիլում ստեղծվեց մի տնտեսություն, որը բացառապես ուղված էր արտաքին շուկային: Տնտեսություն, որը հիմնված էր մեծ սեփականության, մոնոկուլտուրայի և ստրկական աշխատանքի համակարգերի վրա: Մեծ սեփականություններ ստեղծվեցին գաղութային տարածքների մեծությունների պատճառով և, որովհետև շաքարեղեգնի կուլտուրան միայն շահավետ էր լայնամաշտաբ արտադրանքի դեպքում: Մոնոկուլտուրան արդյունավետ էր համարվում հիմնելու այնպիսի տնտեսություն, որը բարձր շահութաբերություն կցուցաբերեր մետրոպոլիայի համար: Շաքարեղեգնի ընտութունը, ըստ էության, հարկադրեց մոնոկուլտուրան, այսինքն Բրազիլը պետք է դառնար միայն շաքարի արտադրության համար նախատեսված մասնագիտացված բարձրակարգ ձեռնարկություն: Ուստի տնտեսական բազմազանությունը չէր հետաքրքրում մետրոպոլիային, որովհետև այն կառաջացներ ավելի քիչ շահութաբերություն:

Ռաֆայել Ղազարյան

Բրազիլի հնդկացիները, նրանց մշակույթն ու պատմությունը, հասարակական կազմը


Պատմաբանները պնդում են, որ նախքան եվրոպացիների հայտնվելը ամերիկյան մայրցամաքում, այնտեղ կար մոտ 100 միլիոն հնդկացի բնակչություն: Միայն Բրազիլի տարածքում այդ թիվը հասնում էր 5 միլիոնի: Ըստ լեզվական տարբեր ճյուղերի, բրազիլացի հնդկացիները բաժանված էին ցեղերի: Դրանք էին` մերձափնյա շրջաններում բնակվող տուպի-գուարանիները, կենտրոնական սարահարթի շրջանում` մակրո-ժեները և տապուիասները, Ամազոնիայի շրջանում` արուաքները և կարաիբաները: Ներկայումս բրազիլական տարածքում կա մոտ 400 հազար բնիկներ, որոնք հիմնականում բնակվում են պետական արգելոցներում: 

Հնդկացիների հասարակարգը մինչ պորտուգալացիների  հայտնվելը մայրցամաքում
1500թ. հնդկացիների և պորտուգալացիների միջև շփումները շատ տարօրինակ էին, քանզի ոչ մի ընդհանրություն չկար նրանց մշակույթներում: Հնդկացիների մասին տեղեկությունները մեզ հասել են պորտուգալացի ծովագնաց Պեդրո Ավարես Կաբրալի նավատորմի գրագիր Պերո Վազ դե Կամինյաից և ճիզվիտների կողմից թողած փաստաթղթերից:

Բրազիլացի հնդկացիները հիմնականում զբաղվում էին որսորդությամբ, ձկնորսությամբ ու եգիպտացորենի, լուբու, դդմի և հատկապես մանդիոկայի գյուղատնտեսությամբ: Ընտանի կենդանիներից պահում էին միայն վարազներ և ծովախոզեր: 
Հնդկացի տարբեր ցեղերի միջև շփումները հիմնված էին հասարակական, քաղաքական և հոգևոր կարգերի վրա: Դրանք հատկապես տեղի էին ունենում պատերազի, ամուսնության, թաղման արարողակարգի, թշնամիների հետ հաշտության ժամանակ:
Հնդկացիները իր պատրաստելիս հիմնականում նախընտրում էին  բնական հումքը: Նրանք ակնածանքով էին վերաբերվում բնությանը` նրանից հանելով գոյատևման համար միայն անհրաժեշտը մասը: Փայտից պատրաստում էին նավակներ, նետ ու աղեղներ, պատյաններ: Ծղոտից գործում էին զամբյուղներ, ցանցեր և կարպետներ: Կավը նույնպես շատ էր օգտագործվում ամանների, կաթսաների և տնային այլ պարագաների պատրաստեման մեջ: Թռչունների բմբուլները և կենդանիների կաշին ծառայում էին հագուստներ կարելու և ցեղային ծիսակարգերի ժամանակ նախատեսված զարդարաքնի պարագաների մեջ տեղադրելու համար:

Հնդկացիների հասարակական կազմը
Հնդկացիների միջև հասարակական դասակարգումներ չկան, ինչպես սպիտակների մոտ: Բոլորն ունեն միևնույն իրավուքները և ստանում են միևնույն վերաբերմունքը: Օրինակ` հողը պատկանում է բոլորին, և հնդկացին որս անելիս սովորաբար այն բաժանում է բոլորի միջև: Միայն աշխատանքային անհատական գործիքներն են (կացին, աղեղներ, նետեր, նիզակներ) հանդիսանում որպես սեփականություն: Ցեղային համայնքում աշխատում են բոլորը, սակայն աշխատանքի հասարակական բաժանումը տեղի է ունենում ըստ սեռի և տարիքի: Կանայք պատասխանատու են կերակուր պատրաստելու, երեխաներին դաստիարակելու, քաղհանի և սերմնացանի համար, իսկ տղամարդկանց բաժին է ընկնում ավելի ծանր աշխատանաք` որսորդություն, ձկնորսություն, ծառահատումներ և պատերազմներ:
Ցեղային կազմի երկու կարևորգույն անձիք են հանդիսանում պաժեն և կասիքը: Պաժեն համարվում է ցեղային քուրմը, որովհետև նա է միայն իմանում բոլոր ծիսակարգերը և ստանում աստվածների կողմից ուղղարկված հաղորդագրությունները: Տեղյակ լինելով հիվանդությունները բժշկելու համար նախատեսված բոլոր տեսակի բույսերից ու թուրմերից` նա նաև համարվում է ցեղի հեքիմը: Կասիք-ցեղապետը նույնպես կարևոր նշանակաություն ունի. միայն նա է  կազմակերպում և առաջնորդում հնդկացիներին:
Հնդկացիների դաստիարակությունը չափազանց հետաքրքիր է: Երեխաները, որոնք կոչվում են կուրումիններ, սովորաբար հետևում են մեծահասակների գործողություններին մանուկ հասակից: Օրինակի` երբ հայրը պետք է որսի գնա, երեխային էլ է իր հետ տանում: Ուստի հնդկացիական դաստիարակությունը բավականին պրակտիկ է և կապակցված է ցեղային կյանքի իրականությանն հետ: Դառնալով 13 տարեկան` երեխան, որպեսզի համարվի չափահաս, անցնում է որոշակի փորձությունների և հատուկ ծիսակատարության միջով:

Շփումը հնդկացիների և պորտուգալացիների միջև
Առաջին շփումները թեև շատ օտար թվացին, միևնույն ժամանակ հարգալից էին և հաճելի: Բայց, երբ պորտուգալացիներն սկսեցին զբաղվել պաու-բրազիլ ծառատեսակի շահագործումով, որոշեցին ստրկացնել շատ հնդկացիների, բացի այդ օգտագործեցին  նաև էսկամբոն: Հետագա գործողություններն ավելի դաժան բնույթ կրեցին: Պորտուգալացիները հողերը գրավելու համար հնդկացիների նկատմաբ տարատեսակ բռնություններ էին իրականացնում, սպանում, հիվանդություններ տարածում, որպեսզի թուլացնեն և կազմալուծեն նրանց ցեղային համայնքները: Նման դաժան վերաբերումնքը տևեց դարեր շարունակ, որն էլ հանդիսանում է այսօրվա հնդկացի բնկաչության թվաքականակի նվազման հիմնական պատճառը:
Պորտուգալացիները համարում էին, որ իրենք ավելի բարձր են դավսում հնդկացիներից, դրա համար էլ պետք էր վերջիններիս ստրկացնել և ծառայեցնելե սեփական կարիքներին: Հնդկացիների մշակույթը պորտուգալացիները համարում էին թերի ու կոպիտ: Նրանք այն կարծիքին էին, որ պետք էր ստիպել հնդկացուն քրիստոնեություն ընդունել տալ և ինտեգրել եվրոպական մշակույթին: Այսպիսով կամաց-կամաց հնդկացիները կորցրեցին իրենց ինքություն ու սեփական մշակույթը:  

Կանիբալիզմ
Որոշ ցեղատեսակների պրակտիկայում առկա էր մարդակերությունը, օրինակ տուպինամբաների մոտ, որոնք բնակվում էին Բրազիլի հարավարևելքի մերձափնյա շրջաններում: Մարդակերությունը կիրառվում էր, քանզի հավատում էին` ուտելով թշնամու միսը, նրանք կվերամարմնավոր էին իմաստություն, քաջություն և գիտելիք: Հետևաբար  նրանք չէին սնվում թույլ և վախկոտ մարդկանց մսով: Մարդակերությունը միայն կիրառվում էր խորհրդանշական ծիսակատարությունների ժամանակ: 

Հնդկացիների կրոնը
Ամեն մի հնդկացի ցեղ ուներ տարբեր հավատալիքներ և հոգևոր ծիսակարգեր: Սակայն, բոլոր ցեղատեսակները միևնույն ժամանակ հավատում էին բնության ուժերին և նախնիների հոգիներին: Աստվածների և հոգիների համար իրականացնում էին ծիսակատարություններ և տոնական խնջույքներ: Պաժեն` հնդկացի քուրմը, պատասխանատու էր փոխանցելու այս գիտելիքները իր ցեղին:
Որոշ ցեղեր նույնիսկ թաղում էին հնդկացիների մարմինները մեծ կերամիկական ամանների մեջ, որտեղ բացի դիակից դնում էին հանգուցյալի անձնական իրերը: Սա ցույց էր տալիս, որ այս ցեղերը հավատում էին մահից հետո հանդերձյալ կյանքին:

Ռաֆայել Ղազարյան

Ժառանգական Կապիտանիաներ

Ժառանգական կապիտանիաների համակարգը, դոնատարիոները, գաղութային Բրազիլի կառավարումը, բրազիլական տարածքների բաժանումը, դժվարություններն ու ընդհանուր կառավարությունը

Բրազիլի հայտնաբերումից անմիջապես հետո, Պորտուգալիայի թագավորությունն սկսեց մտահոգվել բրազիլական տարածքներում օտարների նվաճումներից և սկսեց վերանայել բրազիլական գաղութի օկուպացման իր քաղաքականությունը: Այս մտավախությունը շատ լուրջ էր, քանզի Ֆրանսիայի, Անգլիայի և Հոլանդիայի կորսարներն ու ծովահենները անընդմեջ թալանում էին նոր հայտնաբերված երկրի հարստությունները: Առաջին լուրջ քայլերը ձեռնարկվեցին 1530թ., երբ Մարտին Աֆոնսո դե Սոուզայի գլխավորած արշավախումբն ուղղարկվեց Բրազիլ ընդմիշտ հաստատվելու համար: Մարտին Աֆոնսոյի և նրա հետ եկած գաղութարարների պարտականությունն էր Բրազիլում ավանների հիմնադրումը, դրանց բնակեցումն ու տեղային տնտեսությանը զարգացումը:

1534-1536 թթ. ընկած ժամանակահատվածում Պորտուգալիայի թագավոր Դոն Ժուան Երրորդը որոշում է նոր գաղութը բաժանել 15 գոտիների, որոնք ձգվում էին Բրազիլի ծովեզրից մինչև Տորդեզիլի համաձայնագրում նշված գիծը: Այս հողային հսկա գոտիները, որոնք անվանվեցին ժառանգական կապիտանիաներ (capitanias hereditárias), նվիրաբերվում էին միայն ազնվականներին և թագավորին վստահելի անձանց: Այս անձինք, որոնք նվեր էին ստանում տվյալ հողերը, կոչվում էին դոնատարիոներ և նրանց հիմնական գործունեությունը կայանում էր այդ հողերը կառավարելու, գաղութացնելու, պաշտպանելու և զարգացնելու մեջ : Բացի դրանից նրանք պետք է մարտնչեին հնդկացիական ցեղերի դեմ, որոնք դիմադրում էին իրենց տարածքների օկուպացումը ինվազորներց: Այս ծառայությունների դիմաց դոնատարիոները բացի հողերից ստանում էին որոշակի առավելություններ, այն էր` հարուստ հանքերի և բուսական ռեսուրսների շահագործման իրավունքը:

Այս տարածքները փոխանցվում էր ժառանգաբար հորից` որդուն, դրա պատճառով էլ կառավարման սույն համակարգը կոչվում էր ժառանգական կապիտանիա: Պաշտոնակալման առաջին իսկ պահից դոնատարիո կապիտանը թագավորությունից ստանում էր երկու կարևոր փաստաթուղթ` նվիրատվության նամակը (Carta de Doação) և ազգային-վարչական ինքնավարություններին տրվող արտոնագիրը (Foral): Առաջին փաստաթղթում նշվում էր, որ Պորտուգալիայի կառավարությունը որոշակի կապիտանիա է զիջում դոնատարիոյին, որտեղ վերջինս իրավունք չունի վաճառելու նվիրաբերված հողերը, իսկ Ֆորալում սահմանված էր կապիտան-դոնատարիոյին տրված իրավուքների ու պարտականությունների հատուկ հայեցակարգը: Նա կարող էր հիմանդրել ավաններ, նիվրաբերել անմշակ հողակտորներ, իրականացնել դատական և զինվորական գործունեություն, հարկեր հավաքագրել  և ստրկացնել հաստատուն թվով հնդկացիների: Նա կարող էր շահութաբաժին ունենալ ծավալված տնտեսական գործունեությունից, միայն թե չվնասեր Պորտուգալիայի Թագավորության հարկային քաղաքականության սահմանված նորմերը:

Չնայած բազում հատկություների և սահմանված կանոնակարգերի` ժառանգական կապիտանիաների կառավարման համակարգն ակնկալվող արդյուքների չհասավ: Պետության կողմից տնտեսությանը չաջակցելը, որոշ դոնատարիոների անփորձությունը, կապի և հաղորդակցման դժվարությունները, հնդկացիների անհյուրընկալություններն ու պարբերաբար հարձակումները, ռեսուրսների բացակայությունն ու տարածքների ահռելի չափսերը բարդացնում էին այդ համակարգի ներդնումը: Միայն Պերնամբուկոյի և Սան Վիսենտեի կապիտանիաները կարողացան բարգավաճել և հաղթահարել ժամանակի բոլոր խնդիրները, որըն էլ բացատրվում էր սեփական հողերում շաքարային արդյունաբերության ներդրմամբ:

1549թ. Պորտուգալիայի թագավորը Բրազիլի կառավարման համար մշակեց մեկ այլ` կենտրոնացնող համակարգ, որը կոչվեց «Ընդհանուր կառավարություն» (Governo-Geral): Այսպիսով դոնատարիոների բոլոր գործառություններն անցան մեկ ընդհանուր կառավարչի հսկողության ներքո: Իսկ ժառանգական կապիտանիաները վերջնականապես վերացվեցին միայն 1759թ. նախարար Մարքես դե Պոմբալի կողմից:

Կարևոր ժառանգական կապիտանինաները և դրանց դոնատարիոները` Սան Վիսենտե (Մատին Աֆոնսո դի Սոուզա), Սանտանա, Սանտո Ամարո և Իտամարակա (Պերո Լոպես դե Սոուզա), Պարաիբա դո Սուլ (Պերո Գոիս դա Սիլվեիրա), Էսպիրիտո Սանտո (Վասկո Ֆերնանդես Կոուտինյո), Պորտո Սեգուրո (Պերո դե Կամպես Տոուրինյո), Իլյեուս (Ժորժե Ֆիգեյրեդո Կոհեյիա), Բահիա (Ֆրանսիսկո Պերեիրա Կուտինյո), Պերնանմբուկո (Դուարտե Կոելյո), Սեարա (Անտոնիո Կարդոզո դե Բահոս), Բայա դե Տրաիսոնից մինչև Ամազոն (Ժոաո դե Բահոս, Այրես դա Կունյա և Ֆերնանդո Ալվարես դե Անդրադե):

Ռաֆայել Ղազարյան

Բրազիլի հայտնագործումը

Գաղութային Բրազիլի պատմությունը, Բրազիլի հայտնագործման պատմությունը, հնդկացիների և պորտուգալացիների առաջին շփումները, պաու-բրազիլի ծառատեսակի շահագործումը

1500թ. ապրիլի 22-ին Բրազիլի ափերին մոտեցան պորտուգալական 13 կարավելաները (նավեր), ծովագնաց Պեդրո Ալվարես Կաբրալի գլխավորությամբ: Առաջին հայացքից, նավատորմի անձնակազմը կարծեց` հանդիպել է ինչ-որ մեծ լեռան և այն անվանեց Զատկի Լեռ (Monte Pascoal): Ապրիլի 26-ին կատարվեց առաջին պատարագը Բրազիլում:

Թողնելով տարածքը և շարունակելով դեպի Հնդկաստան տանող ուղին` Կաբրալը, կասկածելով, որ հայտնաբերված տարածքն ավելի շատ նման է մայրցամաքի կամ ինչ-որ մեծ կղզու, տեղանքը վերանվանում է Վերա Կրուզի Կղզի (Ilha de Vera Cruz): Հետագայում, նույն տարածքը հետազոտելիս, այլ ծովագնացները, որոնք, պարզելով տեղանքի մայրցամաք լինելու փաստը, այն ևս մեկ անգամ վերանվանում են`  կոչելով Սուրբ Խաչի Երկիր (Terra de Santa Cruz): Միայն 1511 թ.` պաու բրազիլ անվամբ կարմիր փայտատեսակի հայտնաբերումով, այս երկիրը կոչվում է Բրազիլ:

Բրազիլի հայտնագործումը տեղի ունեցավ Մեծ Նավագնացությունների դարաշրջանում, երբ պորտուգալական և իսպանական նավերը նավարկում էին օվկիանոսներում` նոր տարածքներ հայտնաբերելու տենդով բռնված: Բրազիլի հայտնագործումից մի քանի տարի առաջ` 1492 թ, Քրիստափոր Կոլոմբոսը, Իսպանիայի դրոշի ներքո նավարկելիս, հասավ Ամերիկա, որն էլ կարևորագույն խթան հանդիսացավ բազում նավագնացների համար` մեծացնելով նրանց ակնկալիքները: Գործնականում նոր տարածքներ հայտնագործելու միևնույն հավակնություններն ունենալով` Պորտուգալիան և Իսպանիան 1494 թ. կնքեցին Տորդեզիլի համաձայնագիրը (Tratado de Tordesilhas), որպեսզի նոր հողերի սեփականացման համար կանխեն հետագա պատրերազմները: Ըստ այդ համաձայնագրի` Պորտուգալիային մնացին նոր հայտնաբերված հողերը, որոնք գտնվում էին քարտեզում նշված գծից արևելք` Կանաչ Հրվանդանի Կղզիներից (Cabo Verde) 360 մղոն դեպի արևմուտք, մինչդեռ Իսպանիային մնացին նշված գծից դեպքի արևմուտք ընկած տարածքները:

Հայտնաբերումից հետո մոտ 3 տասնամյակ Բրազիլին այնքան էլ ուշադրություն չէր դարձվում, Պորտուգալիան դեռևս շարունակում էր պահպանել և զարգացնել Հնդկաստանի և Աֆրիկայի հետ համաշխարհային առևտուրը, քանզի այն համեմուքներն ու ապրանքատեսակները (մեխակ, պղպեղ, դարչին, մշկընկույզ, իմբիր, մետաքս, ճենապակի և այլն), որոնք պորտուգալացիները գտնում էին այնտեղ, մեծ արժեք ունեին` Եվրոպայում առևտուր իրականացնելու և դրանց պայմանները պահպանելու համար: Բրազիլից ծառահատում էին միայն պաու-բրազիլը, որի կարմիր ներկը մեծ պահանջարկ ուներ Եվրոպայում: Այդ ժամանակ էլ օգտագործվեց այսպես կոչված բարտերային աշխատանք (escambo) եզրը. այսինքն հնդկացիները պորտուգալացիներից ստանում էին զանազան մանր-մունր ապրանքներ (հայելի, սուլիչ, զանգակ) փոխարենը կտրատում և մինչև կարավելաներ էին տեղափոխում պաու-բրազիլի գերանները:

Միայն 1530թ. Պորտուգալիայի թագավորությունը սկսեց զբաղվել նոր տարածքի գաղութացմամբ` Բրազիլ ուղարկելով Մարտին Աֆոնսոյի գլխավորած արշավախումբը, որն այնտեղ պետք է նախնական միջոցառումներ իրականացներ հետագայում տարածքները բնակեցնելու, պաշտպանելու, տարածքային կառավարություն ձևավորելու, երկրի շահագործումը համակարգելու համար: Գաղութացման հարցը օրակարգային էր դարձել, քանզի մտավախություն կար տանուլ տալու նոր ձեռք բերված երկիրը այլ նվաճողների (Անգլիա, Ֆրանսիա, Հոլանդիա), որոնք մասնակցություն չէին ունեցել Տորդեզիլի համաձայնագրի կնքման գործընթացին: Մարտին Աֆոնսոյի մեկ այլ գործունեություն ևս ընդգծվեց պատմության մեջ, այն էր` նրա կողմից շաքարեղեգնի ներմուծումը և բրազիլական հողատարծքներում տնկելու փորձերը, ինչի շնորհիվ էլ հիմնադրվեց Բրազիլի առաջին ժողովրդագրական միջուկը հանդիսացող Սան Վիսենտե (São Vicente) քաղաքը 1532թ.:


Ռաֆայել Ղազարյան